10:47:08 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից․ ԱԳՆ

    12:43 7 Հունիս 2024

    ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարությունների վերաբերյալ։

    «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից։

    ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

    Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

    Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

    Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

    Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

    Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս