16:57:00 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չաշխատող մարդուն մենք ինչի՞ ենք փող տալիս, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել. Փաշինյանը՝ նպաստների մասին

    14:36 14 Նոյեմբեր 2024

    Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։

     

    Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։

     

    Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բյուջեի ցանկացած քննարկման ժամանակ կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է։

     

    «Պետք է հասկանանք, թե թոշակն ինչպե՞ս է ձևավորվում։ Այսօր ՀՀ-ում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու։ Այս մարդկանց մենք թոշակ տալիս ենք աշխատող մարդկանց շնորհիվ։ Իսկ Հայաստանում կա ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց թոշակները հնարավոր կլինի ավելացնել միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից 60-300 տոկոսով ավելի լինի։

     

    Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում աշխատանքը չի խրախուսվում և անընդհատ պատճառ է փնտրվում՝ հիմնավորելու համար, թե մարդն ինչու պետք է չաշխատի։

    «Մենք տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս։ Ասում ենք դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարցերը կկարգավորենք։ Սա ապապետական մոտեցում է։ Չաշխատող մարդուն մենք ինչո՞ւ ենք փող տալիս», - ասաց վարչապետը՝ այդ հարցը ևս կապելով հասարակության սոցիալ-հոգեբանության հետ։ 

     

    Վարչապետը կրկնեց, որ մարդկանց թոշակները կարող են բարձրանալ, եթե նրանցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի։ 

     

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե վերցնեն միայն պետական կառավարման քաղաքական բլոկի աշխատակիցների աշխատավարձերն ու պարգևավճարները և դնեն թոշակների վրա, ապա թոշակառուների թոշակը կարելի կլինի բարձրացնել ընդամենը 9 հազար դրամով։

     

    «Բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը հավաքելը և Ա կետից Բ կետ հասցնելը ծախս ունի։ Պետական եկամուտներ չեն հավաքվի, և որքան պետական համակարգը կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվեն թոշակները», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե բոլոր պետական կառույցները կրճատվեն և լուծարվեն, իսկ նրանց աշխատավարձերն ու պարգևավճարներն ուղղվեն թոշակներին, ապա չեն աշխատի ո՛չ դպրոցները, ո՛չ ճանապարհները կկառուցվեն, ո՛չ էլ թոշակառուներն իրենց թոշակը կստանան։ 

    Վարչապետի խոսքով՝ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս