05:02:14 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը (ուղիղ)

    16:57 11 Օգոստոս 2022


     

    Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։

    Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։

    Պաշտպանները հայտնել են, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։

    Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է ծանր ձեւով։ Նրա պաշտպանները հղում անելով բժիշկներին, նշել են, որ Հովսեփյանի կյանքի ու առողջության համար վտանգ է սպառնում, եւ, որ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Օրերս Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ հետ վերադառնալիս ուշագնաց է եղել:

    Նրա առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով դատարանի որոշմամբ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով։

    Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

    Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս