09:59:40 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դատարանը Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը կքննի բացառություն սահմանող ընթացակարգով` բանավոր․ պաշտպանական խումբ

    21:15 25 Օգոստոս 2022

    Վաղը` օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երեւան, Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը, նախագահող դատավորն է Ռուզաննա Բարսեղյանը, տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։

    Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի ընդհանուր կարգից բացառություն սահմանող ընթացակարգով, այն է` բանավոր։ Դատական նիստը լինելու է դռնբաց:

     

    Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում, եւ նորից կալանավորվել մեկ շաբաթ անց:

    «Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության եւ անձնական անձեռնամխելիության իրավունքը, 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են եւ հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք։ Ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը հանդիսանում է պատիժ, որով դատարանն ապօրինի ապահովեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված «ազատազրկման գործընթացի շարունակականությունը»,- իր միջնորդության մեջ ներկայացրել է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը:

    Սույն քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց եւ չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում: Այլ խոսքով՝ դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետեւություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված սույն փաստին, քանի որ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում:

    Ավելի վաղ Չալաբյանը հայտարարել էր, որ իր կալանավորման որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում․ թերեւս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության եւ օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Չալաբյանի ազատ արձակման համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» հիմնադրամի եւ դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը եւ այլք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս